Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Վրաստանում իր դեսպան Պետեր Ֆիշերին հետ կանչելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը։
«Վրաստանի ղեկավարությունը ամիսներ շարունակ հանդես է եկել հակաեվրոպական և հակագերմանական հայտարարություններով, այդ թվում՝ ուղղված անձամբ դեսպան Ֆիշերին։ Ուստի Գերմանիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել հետ կանչել դեսպան Ֆիշերին՝ խորհրդակցությունների համար՝ հետագա գործողությունները քննարկելու նպատակով։ Վաղը ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Վրաստանի հարցը»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Վրաստանի արտգործնախարարը սեպտեմբերի վերջին կանչել էր Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին՝ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի սկզբունքները խախտելու համար։
«Երբ Վրաստանում աշխատող դեսպանը կոպտորեն խախտում է Վիեննայի կոնվենցիայի սկզբունքները, նրան կանչում են։ Սա սովորական դիվանագիտական միջոց է»,- հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Դիվանագետն ինքը վրացական իշխանությունների իր հասցեին հնչեցրած մեղադրանքներն անվանել է անարդար և սադրիչ։
Ֆիշերը բազմիցս քննադատել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործողությունները՝ դրանք անվանելով հակաեվրոպական։ Իրենց հերթին, վրացական իշխանությունները Ֆիշերին և եվրոպական այլ դեսպաններին մեղադրում են ցուցարարներին աջակցելու և արմատականությունը խրախուսելու մեջ։
