Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը չի կալանավորվի։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրա պաշտպան Կարեն Գաբրիելյանը։ Պաշտպանի տեղեկացմամբ՝ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը։
«Կկիրառվի այլընտրանքային խափանման միջոց»,– ասել է Կարեն Գաբրիելյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Սրբուհի Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը։
Հոկտեմբերի 17–ին հայտնի էր դարձել, որ մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։
